img_8768_0Ինձ համար  իրական կրթությունը գործունեություն է, այդ գործունեության միջոցով մարդուն ինքնակրթության մղելը, նրա մոտ այդպիսի պահանջմունք առաջացնելը, և դրանով իսկ սովորողի անընդհատ առաջընթացը, զարգացումը, մտքի  ու կամքի ազատությունը ապահովելը:

Կրթությունը  հետաքրքրություններից և ներքին մղումից դուրս՝ բռնություն է: Եվ իմ հաստատ համոզմամբ, ցանկացած պատճառաբանությամբ, բռնության դիմել չի կարելի: Եթե կրթության նպատակը մտքով և կամքով ազատ անհատի ձևավորումն ու զարգացումն է, էլ ի՞նչ բռնության մասին կարող է խոսք լինել: Մնում է կրթության կազմակերպման ոչ հեշտ, սակայն միակ ձևը՝ այն կազմակերպել անհատապես՝ ըստ սովորողների հետաքրքրությունների, կարողությունների ու հմտությունների, շարժման ռիթմի:

Իմ մանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում ես եղել ու մնում եմ ուսուցիչ: Այսօր էլ դասավանդում են 8-րդ դասարաններում: Եվ հիմա միտքս տենդագին աշխատում է մի մանկավարժական խնդրի լուծման վրա՝ ուսուցումը մինչև վերջ անհատականացնելու, այդպիսի ուսուցման  կազմակերպումը մանրամասն  մշակելու:

Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում է գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի  շրջանակում սկսում է իրականացնել այն:

Այսպիսի ուսուցման համար գտնված ձև է նախագծային մեթոդը և, հասկանալի է, նաև համացանցն ու թվային գործիքի առկայությունը:

Սովորողը ուսումնական տարվա սկզբում ձևակերպում և իր բլոգում հրապարակում է լեզվագործունեության, ընթերցանության  իր նախագիծը: Կան նախագծեր, որոնք գործում են մի քանի տարի, երբեմն մի խմբից հայտնվում են մյուս խմբի հետաքրքրության կենտրոնում:

Ուսուցիչն իր ուսումնական բլոգում ներառում է բոլոր հրապարակված նախագծերի հղումները:

Նախագիծ են ներկայացնում ոչ միայն սովորողների խմբերը, այլև անհատները: Խումբը, անհատը ստեղծում են իրենց նախագծի ներկայացման վիրտուալ տարածքը՝ նախագծի բլոգը, որտեղ ներկայացվում են նախագծի իրականացման արդյունքները:  Այդպիսի տարածք կարող է դառնալ և՛ սովորողի ուսումնական բլոգի առանձին բաժինը, և՛ այգ գործունեության համար առանձին բացված բլոգը: Նախագծերն ընդգրկում են բանավոր և գրավոր խոսքի ամենատարբեր ձևերը`թարգմանություն, մտքերի, խոհերի, զգացողությունների շարադրանք, ռադիո-հաղորդումներ, գրական ընթերցումներ, գրաբար՝ գրաբարյան և գրաբարարախառն միջին հայերենի ընթերցումներով, արևելահայերեն փոխադրություններով, ներկայացվող ու առաջարկվող գեղարվեստական ընթերցանության նյութեր  և այլն: Սովորողները, բացի իրենց նախագծերից, կարող են աշխատել նաև ընկերների կողմից համակարգվող նախագծերում: Եվ ստացվում է, որ սովորողն իր ընտրությամբ և ցանկությամբ ընդգրկվում է լեզվական և գրական տարբեր գործունեություններում: Իհարկե կան նաև սովորողներ, ովքեր իրենք առանձին նախագիծ չեն ներկայացնում, բայց մասնակցում են իրենց ընկերների համակարգած նախագծերին:

Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել (նախագծի վրա  նա  տանն էլ է շարունակում աշխատելլ): Կան սովորողներ, ովքեր համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա մեջ տեղադրված «Ուսումնական աշխատանք» բաժնում:

Ներկայացնեմ սովորողների նախագծերից մի քանիսը: Խմբային նախագծերից են՝ «Մտադարակ»«Մեդիադարակ»«Մենք ենք» թարգմանչական բլոգ«Գրաբար»

Անհատական նախագծերի օրինակներ են՝ Նանոր Հովհաննիսյան՝   «Առաջարկում եմ կարդալ», Սամվել Բալախչյան՝ «Կյանքը Ճապոնիայում` իմ աչքերով», Ռոման Բարսեղյան՝ «Kinofilm», Նարեկ Իսախանյան՝ «Խոհարարական բլոգ» և այլն:

Ո՞րն է իմ դերը՝ որպես ուսուցիչ. սովորողի աշխատանքը կազմակերպելը, նրան ուղղորդելը, օգնելը՝ գրագետ գրելուց, ձևակերպելուց, անհրաժեշտ նյութեր համացանցում գտնելու հմտությունների զարգացումից, նախագծի արդյունքները ներկայացնելուց սկսած մինչև բլոգավարության, մոնտաժային-ծրագրային, օտար լեզուների թարգմանության հարցեր: Իրականում ես գործունեություն եմ ղեկավարում՝ դրա բոլոր բաղկացուցիչներով: Չկա մասնագիտական, կամ ոչ մասնագիտական հարց. ես մայրենիի՞ ուսուցիչ եմ, ռուսերենի՞, անգլերենի՞, տհտ մասնագե՞տ եմ, բլոգավա՞ր եմ…  Ի՞նչ կապ ունի: Ես հանրակրթություն եմ իրականացնում հիմնական դպրոցում: Դրանք էլ իմ ինքնակրթության խնդիրներն են: Եթե ես ինքնակրթությամբ չեմ զբաղվում, ինչպե՞ս եմ ուզում, որ սովորողը դրանով զբաղվի:   Ես պետք է լիարժեք, ամբողջական ղեկավարեմ գործունեությունը՝ միշտ լինելով սովորողի կողքին՝ օգնողի, գործընկեր-ավագ ընկերոջ դերում: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ սովորողը կանգ առնի, որ առաջացած դժվարությունը անհաղթահարելի դառնա նրա համար: Ցանկացած հարցում և անմիջապես նրան օգնել է պետք, առաջ մղել, թույլ չտալ, որ ոգևորությունը սառչի:

Մեկ հոդվածում անհատականացված ուսուցման կազմակերպման մասին ամեն ինչ գրել հնարավոր չէ: Բայց այն, որ այսօրվա իմ բոլոր գործողությունները դրան են ուղղված, և ուսուցման գուցեև միակ ձևը ես դա եմ համարում, դա հաստատ է: Համենայնդեպս, այսօր այդպես եմ մտածում: Եվ մի բան էլ: Ես միշտ եմ ոգևորված ու սիրով դասավանդել: Ես միշտ եմ առանց ավելորդ ճիգերի ու բնական վիճակում եղել դասապրոցեսում: Բայց այսքան խաղաղ ու անլարում ես երբեք չեմ եղել: Դասավանդումն ինձ համար  երբևէ այսքան հետաքրքիր չի եղել : Շրջում եմ ընդարձակ կաբինետում՝  հետևելով սովորողների լուռ ու կենտրոնացած աշխատող խմբերին, նրանց քննարկումներին՝ միշտ պատրաստ լինելով արագ մոտենալու իմ կարիքը զգացող սովորողին, սովորողների խմբին: Որպես ուսուցիչ գոհ եմ, որ բոլորի համար է արդյունավետ անցնում դասաժամը, և ոչ ոք իրեն վատ չի զգում՝ համեմատվելով ավելի արագ ու ավելի ճկուն մտածողի հետ: Անհատականացված ուսուցումը բոլորին է հնարավորություն տալիս ինքնարտահայտվելու, ինքնահաստատվելու՝ իրենց ռիթմին և ընդունակություններին համապատասխան: Եվ դա լավ է: