isԿրկնել բանաստեղծությունները:

Աշուղ Սայաթ-Նովի նման…

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ[1], գոզալ[2],— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

Անքնություն

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․

Գիշերն ամբողջ

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը ―
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը ―
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Մարիոնետկա

Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,
Գունատ, դեղին, գունատ, դեղին։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։

Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։

Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․․․

Կյանքը

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հարդագողի ճամփորդները

Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով։
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր։
Ու սիրում ենք առավոտից իրիկուն
Ճամփա երթալ ― ու հավիտյան երազել։
Աչքերիս մեջ մենք պահել ենք երկնային
Ճամփաների հեռուները դյութական ―
Ու անցնում ենք ուղիներով երկրային,
Ուր բյո՜ւր մարդիկ երազեցին ու չկան։
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Ու օրերում բազմագույն ու բազմազան
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։
Ու մշուշոտ մեր աչքերը հավիտյան
Որոնեցին պատահական աչքերում
Հարդագողի ուղիները ոսկեման,
Նրա անծիր, անծայրածիր այն հեռուն։
Բայց աչքերում նրանք երկինք չգտան,
Ու սրտերում ― արեգակներ ոսկեվառ.
Ու բզկտվեց հայացքներից անկենդան
Որբ սիրտը մեր՝ երազորեն ― հոգեվար:
Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց․․․ բայց չգիտեմ, թե ինչու ―
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի․․․
Թաղված մնաց իմ աչքերում մի անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Մի երկնային առնչության պատմություն ―
Ու կարծրացավ սիրտս՝ անլույս ու անբեր։
Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,―
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ ―
Ու հեռացան: Ու ո՛չ մի լույս չբերին։
Քույրը խնդաց, բարեկամը ծիծաղեց,
Օտար մարդիկ հայհոյեցին ու անցան։
Միայն պոռնիկը մշուշում համբուրեց,
Եվ խելագարը բարևեց կիսաձայն։
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
― Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․