IMG_5483Կարդա՛տեքստը և հարցերին պատասխանի՛ր: Պատասխաններն այնպես գրի՛ր, որ տեքստի համառոտ փոխադրության ստացվի:

Մի թագավոր կամենում էր ժողովրդին հաճոյանալ ու իր անունն անմահացնել: Օրերից մի օր բանտ գնաց, որ այնտեղ, ցմահ բանտարկվածների մեջ, դատապարտված անմեղներին ու իսկապես զղջացողներին գտնի, ազատ արձակի: Նա բանտարկյալներից յուրաքանչյուրին հարցուփորձ արեց: Բոլորն էլ բողոքի վայնասուն բարձրացրին ու կուրծք ծեծելով պահանջեցին ազատ արձակել իրենց:
-Իմ այստեղ լինելը մեծ անիրավություն է,- ասաց մեկը:
-Իմ դատավորը կաշառված էր,- ասաց մյուսը:
-Ինձ չարամտորեն զրպարտել են,- բողոքեց երրորդը:
Ու բոլորն էլ`
-Ես չար նախանձի դժբախտ զոհն եմ…
-Ես մի դժբախտ մարդ եմ…
-Ես անմեղ եմ…
Եվ զղջման կամ ներում հայցելու մասին ոչ ոք չէր մտածում: Բանտի վերակացուն էլ յուրաքանչյուրի հանցանքը մեկիկ-մեկիկ թվարկում էր, ու թագավորը տեսնում էր, որ բոլորն էլ չարսիրտ գազաններ էին` սուտ երդումներով, շահամոլ խաբեությամբ ու այլ պղծություններով աղտոտված: Ու նա գնալով մռայլվում էր:
«Մի՞թե ինձ վիճակված չէ անունս ժողովրդի մեջ անմահացնել»,- մտածում էր:
Մեծ տխրությամբ մթագնած` արքան պատրաստվում էր բանտից դուրս ելնելու, երբ բանտախցի ամենամութ անկյունում մի կալանավորի տեսավ, որը մինչ այդ ծպտուն չէր հանել:
-Ո՞վ ես,- նրան դիմեց թագավորը,- անունդ ի՞նչ է:
-Գործածս չարիքների պատճառով մարդիկ անեծքով են հիշում անունս, դրա համար էլ չեմ ուզում, որ դու իմանաս,- ասաց երիտասարդը:
Թագավորը տեսավ, որ կալանավորը լայն ճակատ անի ու բաց, համարձակ հայացք: Նրան երիտասարդի խոսքը զարմացրեց,  նա ասաց.
-Հրամանս է. պատմի՛ր` ժողովուրդն ինչի՞ համար անունդ անիծեց, և ինչո՞ւ չես աղմկում, թե անմեղ ես:
Եվ երիտասարդ կալանավորը մեկ առ մեկ պատմեց իր հանցանքները: Իր տխուր պատմությունը վերջացնելով` ասաց.
-Խոստովանում եմ, որ մահապատժի էի արժանի, բայց  դատավորս արդարամիտ ու գթասիրտ էր, իմ երիտասարդությունը խնայեց, մահվան չդատապարտեց:
Այդ ժամանակ թագավորի մռայլությունը վերջապես անցավ, ու նա հրամայեց.
-Հեյ, վերակացո՛ւ, այս մարդուն դո՛ւրս քշիր, քանզի այս վայրագ գայլը կհոշոտի մյուս համեստ, անմեղ գառնուկներին…
Այդպես երիտասարդ հանցագործն ազատվեց, իսկ իրենց հանցանքներն ուրացողները մնացին սահմանված պատիժը կրելու:
ժողովուրդն էլ պահեց-պահպանեց ու մեզ հասցրեց այս ուսանելի պատմությունր:

Հարցեր
1. Ինչո՞ւ թագավորը բանտ գնաց:
2. Բանտարկյալները թագավորին ինչպե՛ս ընդունեցին:
3. Թագավորն ինչպե՞ս վերաբերվեց կալանավորների արդարացումներին:
4. Երիտասարդ բանտարկյալը մյուսներից ինչո՞վ տարբերվեց:
5. Թագավորն ի՞նչ վճիռ կայացրեց:
6. Ի՞նչ էր ուսանելի այս պատմության մեջ: