Перейти к содержимому
08/01/2018 / marietsimonyan

1(01.2018)-10-րդ դասարան

Timothy_Shay_ArthurԾպտված հրեշտակը: Արթուր Թիմոթի Շեյ

1.
Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:
2.Վերլուծել պատմվածը

Անգործությունը, պակասությունն ու հարբեցողությունն իրենց սև գործն էին արել. մահացած կնոջ սառած ու արդեն հանգիստ մարմինը դեռ շրջապատված էր իր թշվառ զավակներով: Հարբած վիճակում նա վայր էր ընկել իր տան շեմին ու մահկանացուն կնքել հենց իր՝ վախից քարացած փոքրիկների առջև:
Մահը մոտ է հասարակության խոցելի օղակներին: Գյուղում կինը բազմիցս արհամարհվել, պախարակվել ու ծաղրուծանակի առարկա էր դարձել գրեթե բոլոր տղամարդկանց, կանանց և նույնիսկ երեխաների կողմից: Բայց այժմ, երբ նրա մահվան լուրը, մեղմ երանգներ հագած, տնից-տուն էր անցնում, զայրույթը տեղի էր տալիս խղճահարությանը, պարսավանքը՝ թախծին: Հարևանները շտապում էին դեպի կիսավեր խրճիթը, որտեղ քիչ թե շատ կարելի էր թաքնվել ամռան տապից կամ ձմռան ցրտից. ոմանք եկել էին այդ համեստ թաղման արարողությանը պատշաճող մռայլ հագուստով, ոմանք էլ՝ սնունդ էին բերել կիսաքաղց երեխաների համար, որոնք երեքն էին: Նրանցից ավագը՝ Ջոնը, տասներկուամյա մի տղա էր, ով ցանկացած ագարակատիրոջ մոտ աշխատելով կարող էր իր ապրուստը վաստակել: Քեյթը՝ մոտավորապես տաս-տասնմեկ տարեկան, պայծառ, թռվռուն մի աղջնակ էր և հնարավոր է՝ կդառնար մի շատ խելացի ու գործունյա օրիորդ, եթե հայտնվեր լավ ձեռքերում, բայց ամենափոքրը՝ խեղճ Մեգին, անհուսալի հիվանդ էր: Երկու տարի առաջ պատուհանից ընկնելու պատճառով նա վնասել էր ողնաշարն ու այդ օրվանից գամված մնացել անկողնում՝ բացառությամբ այն պահերի, երբ հայտնվում էր իր մոր երանելի գրկում:
Եվ ի՞նչ էր սպասվում այս երեխաներին. սա էր բոլորին հուզող հարցը:
Մահացած մայրն կանցն անդրաշխարհ՝ գյուղացիների բամբասանքներից և ուշադրությունից անդին, բայց երեխաները սովի չպետք է մատնվեին:
Գործը լավ քննելուց ու կնոջ հետ խորհրդակցելուց հետո ագարակատեր Ջոնսը հայտարարեց, որ այժմ, երբ նրանց մայրը չկա, ինքն իր մոտ կվերցնի Ջոնին ու կհոգա նրա մասին: Տիկին Էլիսն էլ, ով վաղուց էր փնտրում մի սպասավոր աղջնակի, որոշեց, որ մեծ բարեգործություն արած կլինի, եթե վերցնի Քեյթին՝ չնայած, որ նա դեռ շատ երիտասարդ էր ու մոտակա տարիներին դժվար թե որևէ օգուտ բերեր:
«Իհարկե, ես ավելի լավ ընտրության հնարավորություն կարող էի ունենալ, – ասաց տիկին Էլիսը, – բայց կարծես ոչ-ոքի մտքով չի անցնում վերցնել Քեյթին, ու պարտքի զգացումից ելնելով՝ ես ինքս նրան կվերցնեմ, չնայած հասկանում եմ, որ անկարգապահի մեկն է ու այծի պես կամակոր»:
Այդպես էլ չլսվեց երկար սպասված՝ «Ես կվերցնեմ Մեգիին» խոսքը:
Գյուղացիների խղճահար հայացքները սահում էին նրա հյուծված, վտիտ մարմնով. նրանք ծանր ու անելանելի դրության մեջ էին: Մայրերից մի քանիսն էլ բերել էին իրենց երեխաներից մնացած հագուստ և Մեգիի հնամաշ շորերը փոխարինել նոր ու մաքուր շորերով:
Փոքրիկի տխուր աչքերն ու համբերությամբ լի հայացքը հուզեցին հավաքվածներին և նույնիսկ՝ թափանցեցին շատերի սրտերը: Բայց նրան իրենց սրտերում մի փոքր անկյուն հատկացնելուն կարծես ոչ ոք պատրաստ չէր: Եվ իրականում՝ ու՞մ էր պետք անկողնուն գամված երեխան:
«Նրան աղքատանոց տարեք», – ասաց մի բիրտ ու անտաշ տղամարդ, երբ հարցրեցին, թե ինչ է լինելու Մեգիի հետ, – «ոչ-ոք ավելորդ գլխացավանքի կարիք չունի»:
«Աղքատանոցը մռայլ վայր է հիվանդ ու անօգնական երեխայի համար», – լսվեց մի ձայն:
«Գուցե մեր երեխաների համար», – պատասխանեց մյուսը, – «բայց այս լակոտի համար դա մի երանելի վայր է. այնտեղ նրան մաքուր կպահեն, կկերակրեն ու կբժշկեն, ինչն ավելի քան լավ է իր նախկին վիճակից»:
Ճիշտ է՝ նման կարծիքներն իրենց հիմքերն ունեին, սակայան ամենևին էլ արդարացված չէին:
Մահվան հենց հաջորդ օրը կազմակերպվեց հուղարկավորությունը: Խղճուկ հյուղակում հավաքվել էին մի քանի գյուղացիներ, բայց նրանցից ոչ մեկը չհետևեց սգո կառքին, երբ այն ընդհանուր գերեզմանատուն էր տանում կնոջ անարգված մարմինը:
Կառքի հեռանալուց հետո ագարակատեր Ջոնսը Ջոնին նստեցրեց սայլակին ու հեռացավ՝ իր բաժին պարտքը կատարած համարելով: Տիկին Էլիսն էլ աճապարելով դիմեց Քեյթին.
– Հաջողությու՛ն մաղթիր քրոջդ:
Ու հրաժեշտի անտանելի ցավից հեծկլտացող երեխաներին բաժանեց, երբ նրանց շուրթերը հազիվ էին հպվել միմյանց: Մյուսներն էլ արագ-արագ դուրս եկան՝ ոմանք հայացք գցելով Մեգիի կողմը, ոմանք էլ խուսափելով այդ հայացքից, մինչև որ խրճիթն ամբողջովին դատարկվեց:
Նա մնաց մենակ…
Դռան շեմին անվագործ Ջոու Թոմսոնը կանգնեց մի պահ և դիմեց դարբնի կնոջը, ով մյուսների հետ շտապելով հեռանում էր. «Դաժան բան ենք անում նրան այստեղ մենակ թողնելով…»
«Տա՛ր աղքատանոց. դա ամենահարմար վայրն է նրա համար», – պատասխանեց դարբնի կինը՝ մի կողմ ցատկելով ու հեռանալով:
Մի պահ խեղճ մարդը մնաց շվարած, հետո ետ դարձավ և մտավ խրճիթ: Մեգին, որ ցավից տառապելով վեր էր բարձրացել և ուղիղ նստել անկողնում, լարել էր հայացքը դռան կողմը, որտեղից բոլորը դուրս էին եկել ու հեռացել: Նրա տխուր ու դալուկ դեմքը համակել էր մի տարօրինակ խուճապ:
«Օ՜, պարո՛ն Թոմսոն», – բացականչեց Մեգին՝ հազիվ շունչ քաշելով – «խնդրում եմ, ինձ այստեղ մենակ չթողնեք…»
Չնայած կոպիտ արտաքինին՝ անվագործ Ջոու Թոմսոնը փափուկ սրտի տեր մարդ էր: Նա սիրում էր երեխաներին ու միշտ էլ հաճույքով էր նրանց դիմավորում իր արհեստանոցում, կարող էր գյուղացի երեխաների համար սահնակ ու սայլակ պատրաստել կամ նորոգել՝ առանց մի գրոշ իսկ ակնկալելու:
«Ո՛չ, սիրելի՛ս»,– պատասխանեց նա մեղմ ձայնով՝ մոտենալով անկողնուն ու թեքվելով դեպի երեխան, – «դու այստեղ մենակ չես մնա»: Հետո նա երեխային գրեթե կնոջ քնքշությամբ փաթաթեց մաքուր սավանով, որ հարևաններն էին բերել և բարձրացնելով իր հուժկու բազուկներին՝ դուրս հանեց մաքուր օդ ու անցավ դաշտով, որն ընկած էր հյուղակի և իր տան միջև:
Ջոու Թոմսոնի կինը, որ անզավակ էր, ամենևին էլ սուրբ մարդ չէր, ոչ էլ սիրում էր իր անձը զոհաբերել ուրիշների բարօրության համար, և Ջոու Թոմսոնը հիմնավոր կասկածներ ուներ, որ հանդիպումն իր կնոջ հետ այդքան էլ հեշտ և հաշտ չի լինելու:
Տիկին Թոմսոնը պատուհանից նկատեց մոտեցող ամուսնուն ու գզգզված մազերով դիմավորեց նրան շեմից մի քանի քայլ այն կողմ, երբ Թոմսոնն արդեն բացել էր դարպասն ու ներս մտել: Նրա դեմքից պարզ երևում էր, որ կարևոր ու թանկարժեք մի բան է տանում: Երբ Ջոուն իր կրծքին մոտ տանում էր հիվանդ երեխային, նրանից կարծես քնքշության ու ջերմության լույս էր հորդում՝ խոր թափանցելով այդ կոշտ ու հուժկու տղամարդու սիրտը: Նրանք կարծես կապվել էին մի անտեսանելի կապով, և կյանքը լցվել էր սիրով …
«Այդ ի՞նչ է», – շեշտակի հարցրեց տիկին Թոմսոնը:
Ջոուն զգաց, թե ինչպես երեխան ցնցվեց և ամուր հպվեց իրեն: Նա ոչինչ չպատասխանեց, բացի մի աղերսող ու նախազգուշական հայացք գցելուց, որը կարծես ասում էր. «Սպասի՛ր մի փոքր, և ես քեզ ամեն ինչ կբացատրեմ»: Եվ անցնելով կնոջ կողքով՝ նա Մեգիին տարավ փոքրիկ տնակն ու պառկեցրեց առաջին հարկում՝ մահճակալին: Ետ դառնալով՝ Թոմսոնը փակեց դուռը՝ միջանցքում դեմ հանդիման մնալով իր՝ թթված դեմքով կնոջ հետ:
«Միայն չասես, որ այդ հիվանդ լակոտին տուն ես բերել»,- զայրույթն ու զարմանքը պատել էին տիկին Թոմսոնին. նրա դեմքն այրվում էր:
«Միշտ էլ կարծել եմ, որ կանայք չոր սիրտ ունեն»,- ասաց Ջոուն: Սովորաբար Ջոու Թոմսոնը կնոջ հետ գլուխ չէր դնում, կամ էլ պարզապես լռում էր՝ հեռու մնալով կնոջ վեճերից և ավելորդ աղմուկից: Եվ մեծ եղավ կնոջ զարմանքը, երբ այս անգամ բախվեց ամուսնու դեմքի խիստ արտահայտությանն ու մի զույգ վճռական աչքերին:
«Տղամարդիկ կրկնակի չոր սիրտ ունեն…»
Ջոուն նկատեց, որ իր վճռականությունը մեծ տպավորություն թողեց կնոջ վրա, ու վրդովված արագ պատասխանեց.
«Ինչ որ է, թաղմանը բոլոր կանայք անամոթաբար մի կողմ էին շրջում իրենց հայացքներն այս հիվանդ փոքրիկից, ու երբ կառքը հեռացավ՝ տանելով նրա մահացած մոր մարմինը, բոլորը գնացին՝ թողնելով նրան այդ հին խրճիթում, երբ օրը հազիվ էր բացվել»:
«Իսկ ու՞ր էին Ջոնն ու Քեյթը», – հարցրեց տիկին Թոմսոնը:
«Ագարակատեր Ջոնսը Ջոնին խցկեց իր կառքն ու տարավ, Քեյթն էլ գնաց տիկին Էլիսի հետ, սակայն ոչ-ոք չմտածեց խեղճ հիվանդ Մեգիի մասին. «Տարե՛ք նրան աղքատանոց»,- աղաղակում էին բոլորը»:
«Ինչու՞ այդ դեպքում չտարաք նրան այնտեղ: Եվ ինչու՞ նրան բերեցիր մեր տու՛ն»:
«Նա չի կարող ոտքով գնալ աղքատանոց», – ասաց Ջոուն, – «մեկը պետք է գրկեր նրան, և իմ բազուկները բավականին ամուր են այդ գործի համար»:
«Ուրեմն ինչու՞ ես հապաղում: Ինչու՞ ես կանգնել մնացել», – շտապեց կինը:
«Որովհետև ես չեմ պատրաստվում ամեն մի հիմարի կարգադրությունը կատարել: Նախ պետք է հանդիպել վերակացուին և թույլտվություն ստանալ»:
Այդ փաստն անվիճելի էր:
«Ե՞րբ ես պատրաստվում տեսնել վերակացուին», – հարցրեց կինն անզուսպ անհամբերությամբ:
«Վաղը»:
«Ինչու՞ ես հետաձգում վաղվան: Գնա և թույլվություն ստացիր հիմա ու վերջնականապես ազատվիր այս գլխացավանքից»:
«Ջեյն», – ասաց անվագործը մի այնպիսի տպավորիչ ձայնով, որ խոր ազդեցություն գործեց կնոջ վրա, – «Աստվածաշնչում կարդացել ու շատ բան եմ գտել երեխաների մասին: Թե ինչպես է Փրկիչը հանդիմանել իր առաքյալներին, ովքեր չեն ընդունել երեխաներին, թե ինչպես է Նա գրկել նրանց և օրհնել, ասելով՝ ով որ նրանց գեթ մեկ բաժակ սառը ջուր տա, անհատույց չի մնա: Այժմ, գեթ մեկ գիշեր, այս մորից զրկված փոքրիկին պահելով մեր տանը, ամենաչնչին բանը կարող ենք անել նրա համար, բարի լինենք նրա հանդեպ գեթ մի գիշեր, նրա կյանքը հարմարավետ դարձնենք գեթ մի գիշեր»:
Այդ պինդ տղամարդու ձայնը դողաց, ու նա գլուխը շրջեց՝ աչքերի խոնավությունը թաքցնելու համար: Տիկին Թոմսոնը ոչինչ չպատասխանեց, բայց մի քնքուշ զգացում սողոսկեց նրա սիրտը:
«Նրան լավ վերաբերվիր, Ջե՛յն, բարի գտնվիր նրա հանդեպ»: – ասաց Ջոուն, – «Մի պահ մտածիր նրա մահացած մոր մասին և այն վշտի ու ցավի մասին, որ սպասվում է այս փոքրիկին իր ամբողջ կյանքի ընթացքում»:
Այս անցանկալի ճարտասանությունը բխում էր Թոմսոնի սրտում կուտակված քնքշությունից և անբացատրելի զգացումից:
Տիկին Թոմսոնը չպատասխանեց, այլ քիչ անց շրջվեց դեպի փոքրիկ սենյակը, ուր պառկած էր Մեգին, և հրելով դուռը՝ հանգիստ ներս մտավ: Ջոուն չհետևեց նրան. նա զգաց, որ կնոջ մեջ ինչ-որ բան փոխվեց, և մտածեց, որ լավ կլինի նրան մենակ թողնել երեխայի հետ, ու գնաց իր արհեստանոց, որը գտնվում էր տնից ոչ հեռու, և աշխատանքը վերջացրեց, երբ արևն արդեն մայր էր մտնում: Երբ վերադառնում էր տուն, առաջինը, որ գրավեց Ջոուի ուշադրությունը, փոքրիկ սենյակի պատուհանից երևացուղ լույսն էր. դա արդեն լավ նախանշան էր: Նեղ կածանը տանում էր փոքրիկ պատուհանի կողքով, և երբ Ջոուն կանգնեց պատուհանի առջև, չկարողացավ իրեն զսպել ու ներս նայեց: Դրսում այնքան էլ մութ չէր, որ քողարկվեր նրա ներկայությունը: Մեգին պառկած էր՝ հենված բարձին, մի փոքր բարձր, իսկ լապտերի լույսը ողողում էր նրա դալուկ դեմքը: Տիկին Թոմսոնը նստած էր մահճակալի մոտ ու խոսում էր աղջնակի հետ, բայց նա կանգնած էր մեջքով դեպի պատուհանը, այնպես որ նրա դեմքի արտահայտությունը չէր երևում: Սակայն Մեգիի դեմքին պարզ կարդացվում էր նրանց զրույցի բնույթը: Ջոուն տեսնում էր, որ աղջկա աչքերը սևեռված էին իր կնոջը, որ ժամանակ առ ժամանակ նրա շուրթերից ելնում էին կցկտուր բառեր, որ նրա հայացքը տխուր էր և զգայուն, բայց այդ հայացքում չկար նախկին դառնությունն ու ցավը: Թոմսոնը խորը շունչ քաշեց. նրա սրտից կարծես մի մեծ բեռ ընկավ:
Ներս մտնելով՝ Ջոուն անմիջապես չգնաց այդ փոքրիկ սենյակ: Խոհանոցում նրա ծանր քայլերը կնոջը շտապեցրին արագ դուրս գալ սենյակից, որտեղ նա Մեգիի հետ էր: Ջոուն մտածեց, որ լավ կանի, եթե երեխայի մասին ոչինչ էլ չհարցնի և նրա հանդեպ ցույց չտա իր մտահոգությունը:
«Ե՞րբ պատրաստ կլինի ընթրիքը», – հարցրեց նա:
«Հենց հիմա», – պատասխանեց տիկին Թոմսոնը՝ հուզված այս ու այն կողմ անցնելով: Նրա ձայնում չկար նախկին կոշտությունը:
Ձեռքերը աշխատանքից մնացած փոշուց ու կեղտից լվանալուց հետո Ջոուն դուրս եկավ խոհանոցից և գնաց փոքրիկ ննջարան: Ճերմակափայլ անկողնուց նրան նայեցին մի զույգ մեծ պայծառ աչքեր. նայեցին քնքշանքով, երախտագիտությամբ ու խղճահարությամբ:
Ինչպե՜ս թռթռաց սիրտը այդ հուժկու տղամարդու կրծքում: Որքա՜ն արագ սկսեց այն բաբախել: Ջոուն նստեց և առաջին անգամ լապտերի լույսի տակ զննեց այդ նիհարիկ պատկերը և հասկացավ, թե որքան սիրունիկ հայացք է՝ լի մանկական քաղցրությամբ. մի բան, որ տառապանքն անզոր էր ջնջել:
«Անունդ Մե՞գի է», – հարցրեց ՝ նստելով երեխայի կողքին ու ձեռքերի մեջ առնելով նրա փոքրիկ թաթիկը:
«Այո՛, պարո՛ն»:
Նրա ձայնը դողաց հիասքանչ մեղեդու ելևէջներով:
«Երկա՞ր ժամանակ է, որ հիվանդ ես»:
«Այո՛, պարո՛ն»: Եվ ի՜նչ հոգեցունց համբերություն կար նրա ձայնում:
«Բժիշկը զննե՞լ է քեզ»:
«Առաջներում նա գալիս էր»:
«Իսկ վերջե՞րս»:
«Ո՛չ, պարո՛ն»:
«Ցավեր ունե՞ս»:
«Երբեմն, բայց ոչ հիմա»:
«Ե՞րբ է ցավել»:
«Այսօր առավոտյան, երբ ինձ գրկել էիք, կողքս ու մեջքս ցավում էին»:
«Երբ քեզ գրկում կամ տեղաշարժում են, ցավու՞մ է»:
«Այո՛, պարո՛ն»:
«Կողքդ չի՞ ցավում հիմա»:
«Ո՛չ, պարո՛ն»:
«Իսկ ցավը սաստի՞կ է լինում»:
«Այո՛, պարո՛ն, բայց ինչ այս փափուկ անկողնում պառկած եմ, չի ցավել»:
«Փափուկ անկողինը հարմարավետ է»:
«Օ՜, այո՛, պարո՛ն, այնքա՜ն հարմարավետ է»: Եվ որքա՜ն ասելիք ու երախտագիտություն կար այդ ձայնում:
«Ընթրիքը պատրաստ է», – կանչեց տիկին Թոմսոնը՝ քիչ անց մտնելով սենյակ:
Ջոուն նայեց կնոջը, ապա՝ Մեգիին: Կինն անմիջապես հասկացավ ու շարունակեց,
«Նա չի կարող սպասել, ես նրան ուտելիք կբերեմ»:
Տիկին Թոմսոնը ջանում էր անտարբեր երևալ, բայց նրա ամուսինը հո ամեն ինչ տեսել էր պատուհանից և հասկացել, որ սառույցը շարժվել էր: Սեղանի շուրջ նստած՝ Ջոուն սպասում էր, որ կինը վերջապես կխոսի երկուսին էլ այդքան հուզող հարցի մասին, բայց րոպեներ շարունակ կինը լուռ էր: Վերջապես նա կտրուկ ասաց,
«Ի՞նչ ես պատրաստվում անել երեխայի հետ»:
«Կարծում էի հասկացել ես, որ վաղը նրան աղքատանոց պիտի տանեմ», – պատասխանեց Ջոուն՝ կնոջ հարցից կարծես զարմացած: Տիկին Թոմսոնը տարօրինակ նայեց ամուսնուն, ապա կախեց հայացքը: Ճաշի ընթացքում այս հարցի շուրջ էլ ոչինչ չասվեց: Ընթրիքի ավարտին տիկին Թոմսոնը մի կտոր հաց տաքացրեց, փափկեցրեց այն կաթով ու կարագով և մեկ բաժակ թեյի հետ դնելով սկուտեղի վրա՝ տարավ Մեգիի մոտ: Երեխան կերավ այդ ամենը՝ չթաքցնելով իր ամբողջ գոհունակությունը:
«Համե՞ղ է», – հարցրեց տիկին Թոմսոնը՝ տեսնելով, թե ինչ ախորժակով է երեխան այն համտեսում:
Երեխան բաժակը ձեռքերում մի պահ հապաղեց և պատասխանեց այնպիսի մի երախտագիտությամբ լի հայացքով, որ կնոջ տարիների ընթացքում քնած զգացմունքները լցվեցին նոր շնչով ու կյանքով:
«Մենք նրան մեկ կամ երկու օր ավել կպահենք. նա այնքան թույլ ու անօգնական է»,- ասաց տիկին Թոմսոնն ամուսնուն հաջորդ առավոտյան՝ նախաճաշին, երբ վերջինս պատրաստվում էր Մեգիի հարցով հանդիպել աղքատանոցի վերակացուին:
«Քո գործն է»:
«Դեմ չեմ լինի, եթե մեկ-երկու օր մնա: Մեղք է երեխան»:
Ջոուն այդպես էլ չտեսավ վերակացուին հաջորդ օրը, ոչ էլ՝ երկու կամ երեք օր անց: Իրականում նա Մեգիի հաշվով երբեք էլ չհանդիպեց վերակացուին, քանի որ շուտով տիկին Թոմսոնը ընդհանրապես հրաժարվեց Մեգիին աղքատանոց տեղափոխելու մտքից:
Ի՜նչ լույս և օրհնություն բերեց այդ հիվանդ ու անօգնական երեխան Ջոու Թոմսոնի՝ աղքատ անվագործի տուն: Երկար ժամանակ այն ցուրտ էր եղել, մռայլ ու խղճուկ, քանզի այդ տանը չկար ինչ-որ մեկը, ում կսիրեր և ում մասին հոգ կտաներ նրա կինը, ով կյանքի հանգամանքների բերումով դարձել էր թթված, ջղային, դյուրագրգիռ ու տառապյալ. խաթարվել էր նրա կանացիությունը: Իսկ այժմ այդ հիվանդ երեխայի քաղցրությունը, սերը, համբերատարությունն ու երախտագիտությունը կարծես բալասան էին նրա հոգուն, և հիմա այդ կինը ձեռքերում ու սրտում մի անգին զարդ էր կրում: Ինչ վերաբերում է Ջոուին, ապա ամբողջ գյուղում չկար մեկը, ով արբենում էր հանապազօրյա կյանքի գինուց ավելի, քան ինքը՝ այդ աղքատ անվագործը: Հրեշտակ էր եկել նրա տուն՝ ծպտված որպես մի հիվանդ, անօգնական ու խեղճ երեխա, ով արևի լույսով և սիրով լցրեց այդ տրտում, փոքրիկ տնակը…

Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Սարգսյանի

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: