Перейти к содержимому
24/02/2018 / marietsimonyan

16 (փետրվար): Կիրակնօրյա ընթերցարան

скачанные файлы (1)Առաջին օրը դպրոցում: Վիլյամ Սարոյան

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ՝ բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին՝ դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ-առողջ է, ոչ ոք չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը՝ նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին՝ նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: