Կարմիրով  առաջարկում եմ հանումները, մանուշակագույնով՝ լրացումները։

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրթական պրոցեսի անօտարելի բաղկացուցիչն է: Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Գնահատումն իրականացվում է սովորողների՝ ըստ ուսումնական շրջանների, տարեկան ամփոփիչ գնահատման-բնութագրմամբ՝ ներառելով նրա գործունեության բոլոր ձևերը։ Գնահատումն իրականացվում է նաև կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Սովորողը մասնակցում է «Ես կարողանում եմ…» ստուգատեսի, ներկայացնում է ուսումնական տարեկան գործունեության հաշվետվություն ըստ շրջանների։ Դասավանդողը, դպրոցի ղեկավարը սովորողի կատարած աշխատանքի հիման վրա կատարում են ուսումնական շրջանների, տարեկան գնահատում-բնութագրում, անհրաժեշտության դեպքում անցկացնում ուսումնասիրություն: Ուսումնական շրջանի ընթացքում կատարվում է

սովորողի ուսումնական աշխատանքի՝ մասնակցության, արդյունքների գրանցում։

1-3-րդ դասարաններում կատարվում է որակական գնահատում: Գնահատումը կատարում է դասարանի ծրագրի ղեկավարը` դասվարը: Դպրոցի էլեկտրոնային գնահատման մատյանում սովորողներից յուրաքանչյուրն էջ ունի, որտեղ դասվարը պարբերաբար լրացնում է սովորողի ուսումնական աշխատանքը: Էջը մատչելի է սովորողի ծնողին, դասարանում դասավանդողներին: Մատյանը մատչելի է դպրոցի ղեկավարին, մանկավարժական աջակցության մասնագետին լաբորատորիային, կրթահամալիրի տնօրենի գրասենյակին: Ուսումնական շրջանի վերջում և տարվա վերջում ամփոփվում է սովորողի` սահմանված կարգի, զարգացման բնութագիրը, որը հաստատում է դպրոցի (ուսուցողական ծրագրի) ղեկավարը: Եթե 2-3-րդ դասարանի սովորողին անհրաժեշտ է լինում նիշային գնահատում, ապա դասավանդողները գնահատում են նրան 10 միավորանոց համակարգով, ինչը հաստատում է դպրոցի ղեկավարը:

4-12-րդ դասարանում սովորողի ընթացիկ, ուսումնական շրջանի, տարեկան ամփոփիչ գնահատումն իրականացնում է դասընթացը դասավանդողը` դրա ծրագրով որոշված գնահատման սկզբունքների համաձայն, սովորողի բլոգում հրապարակված աշխատանքների հիման վրա: Սովորողի ուսումնական աշխատանքի ընթացիկ գնահատում-բնութագրումը սովորողի ջանքի և ուսումնական աշխատանքի արդյունքների արձանագրումն է: Սովորողի ուսումնական բլոգը (3-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) զարգացմանը հետևելու գործիք է. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների, աշխարհայացքի և մշակութային մակարդակի զարգացումը, հետաքրքրությունները (լրացուցիչ կրթությունը): Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների, էլեկտրոնային նամակների միջոցով:

4-12-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Դասընթացի գնահատման կարգը որոշվում է կրթահամալիրի մասնաժողովի հաստատած և հրապարակված կարգով: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր: Դասընթացների ծրագրերը բաժանված են բովանդակային բլոկների՝ իրենց համապատասխան առաջադրանքներով: Այդ առաջադրանքները կարող են նախատեսված լինել և՛ բանավոր, և՛ գրավոր կատարման համար: Ընթացիկ գնահատման էլեկտրոնային մատյանն ունենում է առարկայական ծրագրերով որոշված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ, ակումբային աշխատանքի, ուսումնական նախագծի, ճամփորդության մասնակցության, լրացուցիչ կրթության գնահատման էջեր: Ընթացիկ գնահատման մատյանը մատչելի է նաև սովորողների ծնողներին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակին: Մատյանում գրանցում անում են դասավանդողները, ուսումնական նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավարները, դպրոցի ղեկավարը: Ընթացիկ գնահատմանը պարբերաբար հետևում է դպրոցի ղեկավարը: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման, ինքնաստուգման, ինքնագնահատման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի

միջոցով: Սովորողի ինքնաստուգմանն ու ինքնագնահատմանը կարող է մասնակցել նաև ծնողը։

4-րդ և 9-րդ դասարանների վերջում անց է կացվում կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ուսումնական կարողությունների համապատասխանությունը պետական և կրթահամալիրային չափորոշիչներին:

Կրթահամալիրում գրավոր ստուգումները, ինքնաստուգումները, ուսումնասիրությունները կազմակերպվում են ուսուցման ՏՀՏ միջոցներով։