leskov-330x225Շատ հին ժամանակներում Կիպրոսի շրջակայքում մի անգամ սարսափելի և տևական երաշտ սկսվեց: Բոլոր պտուղները և դաշտային հացահատիկեղենը ոչնչացան, իսկ մարդիկ, տեսնելով իրենց սպառնացող քաղցի անխուսափելի աղետը, ամենածանր, ամենաճնշող վհատության մեջ ընկան: Բոլորն աղոթում էին և անձրև աղերսում, սակայն անձրևն այդպես էլ չկար:
Տեղական հոգևորականության գլխավորն այդ ժամանակ մի եպիսկոպոս էր. անձնավորություն, որը, պետք է ենթադրել, շատ բարի, հոգատար և մաքուր սիրտ ունեցող անձնավորություն էր: Նա իր սրտին մոտ ընդունեց ժողովրդի վիշտը և անձամբ ջանադիր աղոթում էր, որ Աստված անձրև ուղարկի երկիր, սակայն անձրևն այդպես էլ չկար ու չկար:
Շիկացած երկիրը շարունակում էր մնալ անամպ, և արևն անգթորեն այրում էր այն ամենն, ինչ դեռևս չէր այրվել այդ դժբախտ երկրում:
Ժողովուրդը սարսափի մեջ էր . այն արդեն հուսահատության էր հասնում:
Ուրիշ որտե՞ղ կարելի է փրկություն որոնել: Ուրիշ ինչի՞ն ապավինել և հուսալ, եթե եպիսկոպոսի աղերսն էլ չի օգնում:
Ուրիշ ո՞վ կարող է ավելի լավ աղոթել, քան եպիսկոպոսը, և ո՞ւմ աղոթքը կարող է ավելի մոտ լինել Աստծուն: Արդյո՞ք եպիսկոպոսն առաջին դեմքը չէ ամբողջ հոգևոր դասի մեջ, և նրանից բացի կա՞ արդյոք որևէ մեկը, որ նրանից ավելի լավ իմանա՝ ինչպես աղոթել, որ Աստված տա մարդկանց այն, ինչ նրանք խնդրում են իրենից:
Այդ ժամանակ «երկնքից ձայն հնչեց» եպիսկոպոսին. «Առավոտյան ժամերգությունից հետո գնա՛ դեպի քաղաքի դարպասները և անմիջապես կանգնեցրու այն առաջին մարդուն, որը քաղաքին կմոտենա այդ դարպասներով: Թո՛ղ նա աղոթի, և այդ ժամանակ անձրև կլինի»:
Եպիսկոպոսը մարդկանց պատմեց այն մասին, թե ինչ է լսել «երկնքից», և բոլորը համաձայնեցին հաջորդ օրը, վաղ առավոտյան գնալ եկեղեցի, իսկ այնտեղից՝ դեպի քաղաքի դարպասները՝ տեսնելու նրան, ով կմոտենա և ամեն ինչ կանի այնպես, ինչպես հրամայել էր երկնքից հնչող ձայնը:
Հաջորդ օրը վաղ կատարելով ժամերգությունը՝ եպիսկոպոսն իր հոգևորական բարձր դասի հետ միասին մոտեցավ քաղաքի դարպասներին:
Նրա հետ, բնականաբար, այնտեղ մեկնեցին նաև իրենց՝ հոգնաբեկ և ջուր փափագող հողի համար օրհնյալ հրաշքի սպասող բոլոր մարդիկ: Ողջ համայնքը դուրս եկավ քաղաքի դարպասներով: Այստեղ մարդկային այդ հոտը սպասում էր այն ընտրյալին, ում Աստված Ինքը մատնացույց կանի՝ որպես լավագույն աղոթողի:
Մարդիկ ծալովի աթոռ դրեցին ճանապարհի մեջտեղում և եպիսկոպոսին նստեցրին նրա վրա, իսկ հոգևորական բարձրաստիճան դասը և բոլոր այցելուները խմբվեցին նրա շուրջն ու սկսեցին դիտել հեռուն…ու՞մ կուղարկի Աստված իրենց համար: Բոլորն անհամբեր սպասում էին շուտափույթ տեսնել այն մարդուն, որը կաղոթի անձրևի համար, և ում աղոթքը կլսվի Աստծո կողմից:
Եվ ահա իրենց հոգնեցուցիչ սպասումների մեջ շատ ժամանակ անցավ, թե քիչ, հեռվից, շիկացած դաշտերի մոտ ինչ-որ բան երևաց…
Սկզբում անհնար էր որևէ բան ջոկել. արդյո՞ք այդ մարդը հետիոտն է, թե՞ գալիս է ավանակի վրա նստած…Տարածությունը հեռու էր, իսկ այրող տոթի ճառագումներից արցունքակալում էին աչքերը …Բայց ահա նա մոտենում է և ավելի ու ավելի հստակ է երևում: Այժմ արդեն պարզ է, որ նա ամենահասարակ, ոտքով քայլող անձնավորություն է և, ընդ որում, ծեր, տանջված, մարդկային համեստ դասից, ամբողջովին կքած, որ հազիվ է շարժում ոտքերը տոթակեզ խոտերի ու ծղոտների վրա… Մի՞թե այս անձնավորությունն էլ կլինի այն աղոթողը, ում աղոթքն ավելի լավ կհասնի Աստծուն, քան հոգևորական ողջ բարձրաստիճան դասի և հենց իր՝ եպիսկոպոսի աղոթքը:
Եպիսկոպոսը և բոլոր մարդիկ նայեցին միմյանց և շփոթահար թոթվեցին ուսերը: Զարմանալի է, որ մի կապ փայտի ծանրության տակ ոտքերը հազիվ քարշ տվող այս գյուղացին բոլորից լավն է: Որ նա հասարակական աղետի համար պետք է աղոթք հղի Աստծուն: Սակայն, քանի որ այդ ծեր մարդուց բացի ոչ ոք չէր երևում, ընտրություն չէր կարող լինել, և եպիսկոպոսը վճռեց կանգնեցնել փայտահատին և նրան խնդրել, որ աղոթք հղի Աստծուն, այն Աստծուն, ում ուղղված իրենց աղոթքները հաջողություն չէին ունեցել:
Իսկ ծերունին, օրորվելով և սայթաքելով, քիչ-քիչ մոտենում էր քաղաքի դարպասներին, և ինչքանով հոգնությունն ու տոթը թույլ էին տալիս, նա նույնպես զարմացավ… ի՞նչ առիթով և ի՞նչ նպատակի համար էր դարպասների մոտ հավաքվել անսովոր քանակի այդ բազմությունը և ինչո՞ւ էր բոլորից առաջ, աթոռին նստել անձամբ Կիպրոսի եպիսկոպոսը:
Անկասկած է, որ ծանր բեռան տակ կքած ծերունին մտքի ամենահեռավոր ծայրով անգամ չէր կարող անցկացնել, որ մարդկային այդ բազմությունը եպիսկոպոսի հետ միասին այստեղ է, որ դիմավորի հենց իրեն՝ կորաքամակ աղքատին, և խնդրի աղոթել ողջ երկրամասի համար:
Ծերունին ավելի մոտեցավ և տեսավ, որ բոլորն իրեն են նայում, և թե ինչպես եպիսկոպոսն ինքը ոտքի կանգնեց և խոնարհվեց իր՝ հասարակ, աղքատ աշխատավորի առաջ:
Ծերունին քարացավ տեղում, մեջքից արագ գետնին նետեց ցախի կապոցը և հազիվ արտաբերեց.
— Ների՛ր, ըը՜ըմ, հա՛յր,- և օրհնություն խնդրեց եպիսկոպոսից:
Սակայն եպիսկոպոսը նորից խոնարհվեց նրա առաջ և ասաց.
— Ա՛բբա (sic), Տերն ուրախ է, աղոթի՛ր մեզ համար, և թող Տերն Ինքը ուղարկի Իր ողորմությունը, և թող այսօր անձրև լինի երկրի վրա:
Ծերունին ապշեց լսածից: Ի՞նչն է պատճառը, որ եպիսկոպոսն իրեն՝ անգրագետ և հասարակ մարդուն խնդրում է աղոթել: Եվ նա պատասխանեց.
— Անարժան եմ ես, հա՛յր, որ քո ներկայությամբ աղոթքի խոսքեր դուրս գան իմ շուրթերից: Այդ քեզ է պատշաճ, հա՛յր, բոլորից առավել, աղոթել համընդհանուր աղետի համար: Հենց դո՛ւ աղոթիր, ես չեմ համաձակվի:
Սակայն ծերունուն բացատրեցին, որ եպիսկոպոսն արդեն աղոթել է, սակայն Աստված չի կատարել նրա խնդրանքը և անձրև չի ուղարկել երկրի վրա:
— Իսկ հիմա, – ասում են, – քեզ վրա է եպիսկոպոսի հրամանը, և դու չպետք է հրաժարվես, հենց հիմա պետք է սկսես աղոթել:
Ծերունին այդ ժամանակ էլ դեռևս չէր համարձակվում, այդ պատճառով փայտահատի երկչոտությունը հաղթահարելու համար նրան «հարկադրաբար» ծնկի իջեցրին իր ցախերի վրա և ստիպեցին աղոթել:
Ծերունին այլևս չվիճեց և ինչպես կարողանում էր, այնպես էլ սկսեց աղոթել, իսկ երկինքն անմիջապես խտացավ, և հոսեց օրհնյալ անձրևը:
Ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան երախտապարտ պետք է լինի այդ օրհնության համար, և չգիտեին՝ ինչպես շնորհակալություն հայտնել նրան՝ Աստծո և Նրա սրտին հաճո աղոթողի համար, որին երկնքից հնչած «ձայնը» ցույց էր տվել որպես լավագույն երկրպագողի:
Եվ հենց որ երկար սպասված անձրևն առատորեն ոռոգեց և առավելագույնս հագեցրեց ծարավ հողը, և ամեն ինչ թարմացավ դաշտերում ու այգիներում, մարդկանց սրտերն էլ ճչացին ուրախությունից, և սկսվեցին զովասահ զրույցները՝ յուրաքանչյուրն իր մերձավորի հետ: Ժամանակն էր, որ եպիսկոպոսն էլ զրուցի փայտահատի հետ, և նա ցանկացավ իմանալ, թե ի՛նչ կյանքով է ապրում այդ մարդը, ում Աստված հաճեց և ընդունեց:
Եպիսկոպոսը հենց այդպես էլ ուղիղ հարցրեց այդ մասին, սակայն ծերունին ոչ մի առանձնահատուկ բան չկարողացավ ասել նրան: Եպիսկոպոսին թվաց, որ նա ինչ-որ բան է թաքցնում իրենից:
— Սե՛ր դրսևորիր իմ հանդեպ, հա՛յր (sic), – սկսեց եպիսկոպոսը, – ես հետաքրքրությունից չեմ հարցնում, հանուն շատ մարդկանց օգուտի խնդրում եմ՝ հայտնիր մեզ, այդ ինչո՞վ հաճո եղար Աստծուն, որ Նա քո աղոթքը բոլորից լավ լսեց և տվեց քո խնդրանքի պատասխանը:
Ծերունին պատասխանեց.
— Աստված գիտի, հա՛յր, չգիտեմ:
— Դե, հենց դրա համար էլ պատմի՛ր մեզ, թե ինչպես ես ապրում, և մենք բոլորս նախանձախնդիր կլինենք, որ քեզ նման դառնանք, որ մեր աղոթքներն էլ անմիջապես Աստծո ընդունարանը մտնեն: Ոչինչ մի՛ թաքցրու, արագ ասա՛…
Այդ ժամանակ ծերունին եպիսկոպոսին ասաց.
— Հավատա՛ ինձ, տե՛ր, ես հաճույքով ամեն ինչ կպատմեի քեզ, բայց հարցն այն է, որ ես իսկապես ոչինչ չունեմ քեզ պատմելու: Ես ամենասովարական մեղավոր մարդ եմ և իմ կյանքն անց եմ կացնում ամենօրյա կենցաղային ունայնության և հոգսերի մեջ: Ինձ այնպիսի ճակատագիր է բաժին ընկել, որ ժամանակ էլ չունեմ աստվածահաճո գործերի մասին մտածելու, որովհետև մինչև հիմա ծերության համար ոչ մի պաշար չեմ կուտակել և այժմ արդեն թույլ ու անզոր եմ, ո՛չ հանգիստ ունեմ, ո՛չ էլ խաղաղություն:
— Բայց ինչպե՞ս է անցնում քո կյանքը:
-Դե՛, տես, թե ինչպես է անցնում…ես վաղ եմ արթնանում և կացինը ձեռքիս քաղաքից անտառ եմ գնում: Այնտեղ մի լավ կապոց չորացած և ժամանակն անցած փայտ եմ կոտորում, որը թույլ է տրվում բոլորին: Ապա քաղաք եմ քարշ տալիս կապոցը, ինչպես այսօր բոլորդ տեսաք, երբ ինձ դիմավորեցիք դարպասների մոտ:
— Լա՛վ, իսկ հետո՞:
— Իսկ հետո քաղաքում իմ ցախը փոխանակում եմ վառելիքի հետ, իսկ ցախից խնայած փողերով հաց եմ գնում և սնվում:
— Եվ ոչ մի ուրիշ զբաղմունք չունե՞ս:
— Ո՛չ մի զբաղմունք, հա՛յր:
— Իսկ որտե՞ղ է քո կացարանը:
— Դե, ոչ մի կացարան էլ չունեմ ես և երբեք էլ չեմ ունեցել: Իսկ երբ հոգնում եմ և ցանկանում եմ հանգստանալ կամ գիշերել, սողոսկում եմ եկեղեցու տակ և տեղավորվելով հատակին, քնում եմ:
(Դա վաղուց է եղել, այդ ժամանակ եկեղեցիները փոքրիկ էին ու փայտաշեն: Դրանք կառուցում էին «ցցերի» վրա, կամ, ավելի պարզ, սյուների վրա, և կարելի էր կռանալով մտնել այդպիսի փոքրիկ եկեղեցիների հատակի տակ և թաքնվել ցուրտ եղանակին կամ անձրևին: Այդպիսի եկեղեցիներ կային նաև Ռուսաստանում, և դեռևս հանդիպում են հյուսիսային որոշ աղքատ շրջաններում: Դրանց հատակին հանգիստ են գտնում ոչխարները, հորթերն ու աղքատները):
— Դե, իսկ եթե ցուրտ է կամ այնպիսի վատ եղանակ, որ հնարավոր չէ փայտ հավաքել,-հարցրեց եպիսկոպոսը,-ի՞նչ ես անում այդ ժամանակ:
-Այդ ժամանակ ես, թեկուզ մեկ-երկու օր, այնտեղ՝ եկեղեցու հատակի տակ նստած, սպասում եմ:
— Իսկ ի՞նչ ես ուտում այդ ընթացքում:
— Իսկ ինչո՞ւ պետք է առանց աշխատելու ուտեմ: Այդ ժամանակ ես քաղցում եմ, մինչև որ Տերը նորից բարի ժամանակներ կտա: Իսկ երբ եղանակը լավանում է, ես շնորհակալություն եմ հայտնում Տիրոջը, ոտքի կանգնում և դարձյալ գնում ցախ հավաքելու: Ահա և քեզ իմ ողջ կյանքը:
Այս հասարակ պատմությունից, – ասում է նախաբանը, – «օգուտ» քաղեցին ոչ քիչ եպիսկոպոսներ՝ հոգևորական բարձր դասի հետ մեկտեղ:
Եպիսկոպոսն այդ ցախ հավաքողին վերցրեց իր մոտ և սնեց նրան, հանգստացրեց, մինչև որ եկավ Աստծո մոտ կանգնելու ժամանակը: