Այսօր «Հրապարակում» կարդացի «Աշոտ Բլեյանին ընդառաջելը վատ նախադեպ կդառնա» հրապարակումը: Նախ ասեմ, որ ափսոս, որ հրապարակումն ընդամենը տեղեկատվական բնույթ ուներ: «Հրապարակ» թերթը միշտ առանձնացել է իր հետաքրքիր վերլուծականներով:
Ինչևէ, ԿԳՄՍ նախարարությանը մի քանի հարց ուղղեմ:

«Հրապարակը» գրում է. «ԿԳՄՍ-ում նաեւ մտահոգություն ունեն, որ եթե մեկ հոգու ընդառաջեն, կդառնա վատ նախադեպ՝ 65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ»:

Ի՞նչ է նշանակում՝ «մեկ հոգու ընդառաջել» կամ «65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ»: Հարգելի ԿԳՄՍ, Աշոտ Բլեյանը «մեկ հոգի» չէ։ Դուք հայ իրականության մեջ մանկավարժության քանի՞ հեղինակ-տնօրեն ունեք: Քանի՞ դպրոցի տնօրեն ունեք, որ հեղինակային մանկավարժությամբ այնպիսի կրթահամալիր է հիմնել, որի հեղինակած մանկավարժությանն այսօր վստահում է մոտ 3500 ընտանիք: Միջհայաստանյան և միջազգային կրթական կապեր հաստատած, իր հեղինակային մանկավարժության պահանջարկն ունեցող քանի՞ դպրոց ունեք։ Հեղինակային իր մանկավարժությունը տարածելու կանոնադրական պարտավորություն ունեցող քանի՞ մանկավարժ֊-տնօրեն ունեք։ Իսկ եթե 65 տարին լրացրած այդպիսի մանկավարժ-հեղինակներ ունեք, ինչո՞ւ չեք ուզում, որ շարունակեն իրենց հեղինակած մանկավարժությունը զարգացնել։

Բայց իհարկե, դուք էլ հրաշալի գիտեք, որ Աշոտ Բլեյանն ու իր ստեղծած կրթահամալիրը արդեն աննախադեպ երևույթ են հայ, նաև ոչ միայն հայ իրականության մեջ: Ուրեմն՝ ո՞րն է ձեր այս հիմքից զուրկ հայտարարության իմաստը։

Իսկ օրեր առաջ հնչած այն հայտարարությանը, թե ինչու Աշոտ Բլեյանը այս տարիների ընթացքում փոխարինող չի պատրաստել, ասեմ, հարգելի փոխնախարար Ժաննա Անդրեասյան, հեղինակները փոխարինող չեն ունենում։ Ունենում են հետևորդներ, համակիրներ, ազդեցությունը կրողներ, բայց ոչ փոխարինող։ Եվ հասարակությունը այնքանով է քաղաքակիրթ, որքանով պայմաններ է ստեղծում հեղինակի համար` կատարելու իր հեղինակային առաքելությունը։